14 նոյեմբերի 2005 - 19:33 AMT
Հայաստանի նախագահը հանդիպել է Ռուսաստանի առաջատար ԶԼՄ-ների ղեկավարների հետ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ռուսական մոտ երկու տասնյակ առաջատար ԶԼՄ-ների ղեկավարների, ովքեր Երեւան են ժամանել Հայաստանում Ռուսաստանի տարվա միջոցառումների շրջանակում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը բարձր է գնահատել հայկական եւ ռուսական լրատվամիջոցների շփումների ակտիվացումը ասել է, որ այն կարող է տեղեկատվական դաշտում համագործակցության նոր նախաձեռնություններ սկզբնավորել, ինչը կնպաստի հայ եւ ռուս հասարակայնության միմյանց մասին առավել տեղեկացված լինելուն: Հյուրերը Հայաստանի նախագահին են ներկայացրել հայ գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքում ուրվագծված համատեղ ծրագրերը, կարեւորել են տեղեկատվության փոխանակման մեծացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը եւ ասել, որ մտադիր են Հայաստանում ընդլայնել ռուսական ԶԼՄ-ների թղթակցական կետերի թիվը: Հյուրերը նաեւ պատրաստակամություն են հայտնել հայ լրագրողների համար վերապատրաստման հնարավորություն ընձեռել ռուսական առաջատար ԶԼՄ-ներում: