11 ապրիլի 2013 - 10:51 AMT
Ադրբեջանցի զինվորների արկածախնդրության պատճառով հակառակորդը 2 զոհ և 1 վիրավո՞ր ունի. ՀՀ ՊՆ-ն չի բացառում

Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանցիների երեկվա արկածախնդրության պատճառով որևէ զոհի վերաբերյալ հստակ տեղեկություն չի հաղորդվում: Ոչ սթափ վիճակում գտնվող ադրբեջանցի զինվորներին չմոտենալու պահանջն անկատար մնալուց հետո, հայ դիրքապահները ստիպված են եղել կրակ բացել, ըստ տարածված տեղեկությունների, սպանվել է 2 ադրբեջանցի զինվոր, ևս մեկը ծանր վիրավորվել է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ հակառակորդը կարող է զոհեր ունենալ, բայց նաև նշեց, որ ինքը պաշտոնական տեղեկության չի տիրապետում:

Երեկ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ` ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: «Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- ընդգծել էր Արծրուն Հովհաննիսյանը: