15 նոյեմբերի 2005 - 13:01 AMT
Յու.Մերզլյակով.Եկել է բանակցային գործընթացը վերսկսելու ժամանակը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար ֆասյեն (Ֆրանսիա) եւ Սթիվեն Մանը (ԱՄՆ) զգում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների անհրաժեշտությունը: Այդ մասին հայտարարել է Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ըստ Յու.Մերզլյակովի, համանախագահները տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի ընթացքում ցանկանում են հանդիպել նախագահների հետ եւ քննարկել նրանց հետ որոշ մանրամասներ: Նա հաղորդել է նաեւ, որ նախագահներին առաջարկներ է ուղարկվել հունվարին հանդիպելու վերաբերյալ: «Եկել է բանակցային գործընթացը վերսկսելու ժամանակը: Կազանի հանդիպումից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել բանակցությունները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ` նախկինում արված առաջարկները վերաիմաստավորելու համար: Գտնում եմ, որ բանակցությունները պետք է վերսկսվեն եւ պետք է կազմակերպվի նախագահների հատուկ հանդիպում»,-հայտարարել է ռուս դիվանագետը: Ընդ որում Յուրի Մերզլյակովը չի ճշտել, թե որտեղ եւ որ միջազգային համաժողովի շրջանակներում է առաջարկվել անցկացնել հանդիպումը: Ըստ երեւույթին, դա հայտնի կդառնա երկրների ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածության հասնելուց հետո:

Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, ադրբեջանական կողմը նույնպես շահագրգռված է նախագահների երկխոսությունը շարունակելու հարցում: Հայտարարելով այդ մասին, Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը նշել էր, որ տեղյակ չէ համանախագահների նախաձեռնության մասին: Միեւնույն ժամանակ նա չի բացառել, որ այդ առաջարկը արդեն փոխանվցել է պետության ղեկավարին. «Եթե նման առաջարկ կա, մենք կքննարկենք այն, եւ շահագրգիրռ ենք նման հանդիպում անցկացնելու հարցում»: Եվրամիությունը նույնպես կոչ է արել շարունակել խաղաղ գործընթացը եւ վերսկսել երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: ԵՄ հայտարարության մեջ հույս է հայտնվում, որ 2006 թվականին կողմերը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կկարողանան հավասարակշռված ելք գտնել: Ընդհանուր առմամբ տարբեր մակարդակների վրա կանխատեսումներ են հնչում այն մասին, թե գալիք տարին կնշանավորվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դրական ներդրումով: Հիշեցնենք, որ խաղաղ գործընթացի հնարավոր ակտիվացման մասին օրերս հայտարարել էր նաեւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: Նա նշել է, որ համանախագահները լավատեսորեն են տրամադրված, եւ եթե Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր կատարեն փոխզիջման հասնելու համար, «երկու երկրները կկարողանան որպես հաղթող դուրս գալ այս հակամարտությունից»: