11 ապրիլի 2013 - 14:32 AMT
Կառավարությունը 600 մլն դրամ է հատկացրել Վանաձորի և Գյումրիի փողոցների բարեկարգման համար

Վանաձոր և Գյումրի քաղաքային համայնքների ներհամայնքային ճանապարհները բարեկարգելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է 600 մլն դրամ` յուրաքանչյուր մարզպետարանին 300 մլն դրամ։ Որոշման ընդունումը թելադրված է այն հանգամանքով, որ նշված քաղաքների կենտրոնական փողոցներն անմխիթար վիճակում են, իսկ երկրորդական փողոցները գրեթե անանցանելի են. ամբողջովին քայքայվել է փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթը, առաջացել են դժվարանցանելի խորը փոսեր։

Տիգրան Սարգսյանի հարցմանն ի պատասխան տեղեկություն է տրվել, որ քաղաքային համայնքները նույնպես համաֆինանսավորման սկզբունքով մասնակցում են փողոցների բարեկարգմանը։ Վերջին տարիներին իրականացվել է ներհամայնքային ճանապարհների բարելավման մի քանի ծրագիր։