12 ապրիլի 2013 - 21:12 AMT
«Երկու աշխարհով ճանապարհորդություն Գ.Գյուլբենկյանի հետ» կոնֆերանս է տեղի ունեցել Փարիզում

«Երկու աշխարհով ճանապարհորդություն Գալուստ Սարգիս Գյուլբենկյանի հետ» խորագրով կոնֆերանս է տեղի ունեցել Փարիզում: Այն նվիրված է եղել Գալուստ Գյուլբենկյանի գործունեությանը: «Գյուլբենկյան» հիմնադրամի և «Երկու աշխարհ» պարբերականի կազմակերպած միջոցառման պատվավոր հյուրերն են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ինչպես նաև Պորտուգալիայի ու Սինգապուրի դեսպանները:

Բացման խոսքով հանդես է եկել «Գյուլբենկյան» հիմնադրամի նախագահ Արթուր Սանտոս Սիլվան` ներկայացնելով հիմնադրամի ստեղծման նախապատմությունը, հիմնական նպատակները և Գալուստ Գյուլբենկյանի ունեցած դերը Պորտուգալիայի զարգացման գործում:

Այնուհետև ելույթներով հանդես են եկել «Երկու աշխարհ» պարբերականի տնօրեն Միշել Կրեպյուն, «Պարտեքս» նավթագազային ընկերության նախագահ Անտոնիո Կոստա Սիլվան և «Գյուլբենկյան» հիմադրամի կառավարման խորհրդի անդամ, Գալուստ Գյուլբենկյանի ծոռ Մարտին Եսայանը:

Բանախոսները ներկայացրել են էներգետիկ պաշարների օգտագործման ոլորտում ընթացող համաշխարհային գործընթացները, Գալուստ Գյուլբենկյանի անգնահատելի ներդրումը 20-րդ դարի էներգետիկ պաշարների կառավարման և գործարարության զարգացման գործում, ինչպես նաև անդրադարձել են «Գյուլբենկյան» հիմնադրամի մարդասիրական և բարեգործական լայնածավալ գործունեությանը:

Միջոցառման ավարտին դեսպան Չիտեչյանը մասնավոր հանդիպում է ունեցել բանախոսների հետ, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: