12 ապրիլի 2013 - 21:24 AMT
Քաղաքագետը` Ր.Հովհաննիսյանի մոսկովյան այցի մասին. Կարելի է սարկազմի ժանրից ֆիլմ նկարել

Քաղաքագետ Երվան Բոզոյանին Րաֆֆի Հովհաննիսյանի 14-ժամյա մոսկովյան այցը և խորիմաստ լռությունը կոմեդիայի ժանրն է հիշեցնում: «Մեկ օրով թռնել Մոսկվա, հանդիպել ինչ-որ անհայտ մարդկանց հետ, 14 ժամվա ընթացքում գալ, խորիմաստ ձևով հայտարարել, որ հետագայում կասի, թե ում է հանդիպել, անլուրջ տպավորություն է թողնում: Դրա վրա կարելի է սարկազմի ժանրից կոմիկական ֆիլմ նկարել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Երվանդ Բոզոյանը նկատեց, որ մարդը, ով անընդհատ խոսում է թափանցիկությունից այսօր ամբողջ Հայաստանի առաջ լռեց:

Ավելացնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո միայն հայտնել էր, որ իրեն հրավիրել էին` լսելու ժողովրդի մեծամասնության կարծիքը: Նա չէր մասնավորեցրել, թե ինչ հանդիպումներ է ունեցել Մոսկվայում և ում կողմից էր հրավերը: Րաֆֆի Հովհաննիսյանը չէր հերքել, որ Մոսկվայում հանդիպել է ռուսաստանցի պաշտոնյաների, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում չի եղել: