14 ապրիլի 2013 - 17:31 AMT
Այսօր մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկ էր

Այսօր մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկ էր հայտարարված: Բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ուսումնական, առողջապահական և տարբեր այլ հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հազարավոր երևանցիների հետ միասին համաքաղաքային ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համաքաղաքային ծառատունկի շրջանակում Նոր Նորքի Հայորդաց տան հարևանությամբ գտնվող տարածքը հերթական անգամ համալրվեց նոր տնկիներով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի և հարյուրավոր երևանցիների հետ միասին հենց այդ տարածքում ծառատունկին իրենց ակտիվ մասնակցությունը բերած ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, ողջունելով նախաձեռնությունը, նշել են, որ այն անչափ կարևոր է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ, այլև ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գարնանային ծառատունկի ընթացքում Երևանում ընդհանուր առմամբ կտնկվի 30.000 ծառ և 10.000 թուփ: Ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում։ Ոռոգման ցանցի ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրով մայրաքաղաքում ավելի քան 20 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի և այս ամբողջի արդյունքում Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը այս տարի կհասնի շուրջ 900 հա-ի, ինչն, ի դեպ Խորհրդային վերջին տարիների ցուցանիշն է:

Իսկ մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով, այս տարի մայրաքաղաքում կտնկվի շուրջ 100.000 ծառ և թուփ: Այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքները կզարդարեն ավելի քան 2 մլն բազմերանգ ծաղիկներ, ինչը ևս աննախադեպ ցուցանիշ է Երևանի համար: