18 նոյեմբերի 2005 - 13:38 AMT
Նոյեմբերի 21-ին Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Սլովենիա
Նոյեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Սլովենիա, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հայկական պատվիրակության կազմում են արդարադատության, գյուղատնտեսության նախարարները, կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահը, Սլովենիայում Հայաստանի դեսպանը, պաշտոնատար այլ անձինք: Այցի հիմնական նպատակն է խորացնել կապերը երկու երկրների միջեւ, նախանշել հայ-սլովենական տնտեսական փոխգործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրներն, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ: Եռօրյա այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի, վարչապետ Յանեշ Յանսայի, Ազգային Ժողովի նախագահ Ֆրանս Ցուկջատիի հետ: Տեղի կունենա նաեւ հայ-սլովենական բանակցություններ` ընդլայնված կազմով: Քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները: Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելի, ամենամեծ ընդիմադիր կուսակցության` Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժելկա Կացինի հետ: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Լյուբլյանայի եւ Պիրանի քաղաքապետարաններ, որտեղ հանդիպումներ կունենա Լյուբլյանայի քաղաքապետ տիկին Դանիկո Սիմսիչի եւ Պիրանի քաղաքապետ տիկին Վոյկա Ստուլարի հետ: Նոյեմբերի 23-ին հայկական օատվիրակությունը կվերադառնա Երեւան: