15 ապրիլի 2013 - 14:16 AMT
Երիտասարդական ԱԱ-ում հայ ծանրորդները նվաճեցին պատանեկան ՕԽ-2014-ի երկու ուղեգիր

Տաշքենդում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը մեկ ոսկե մեդալ նվաճեց: Աշխարհի չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը (+94կգ), որը ճանաչվեց մրցաշարի լավագույն մարզիկը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանը խոստովանեց, որ իր սաները կատարել են պահանջված առաջադրանքը և կարողացել նվաճել 2014թ. Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր:

Առաջնությանը մասնակցել են 53 ծանրորդներ, 22-ին հաջողվել է երկուական ուղեգիր ապահովել: Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցրել է 8-րդ տեղը:

«Ես գոհ եմ մեր արդյունքներից, բոլոր տղաները վստահ հանդես եկան: Մարտիրոսյանն ապացուցեց, որ լավ մարզավիճակում է և ուրախացրեց բոլորիս»,-ասաց մարզիչը:

Այս տարի երիտասարդ ծանրորդները հանդես կգան Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 1-8 Լիտվայում: «Ինձ ուրախացնում է, որ մենք լավ ռեզերվ ունենք, շատ տաղանդավոր մարզիկներ, որոնք դեռ ցույց կտան իրենց: Իսկ մեր գլխավոր նպատակն է հաջող հանդես գալ 2014թ. Օլիմպիական խաղերին»,-ասել է նա: