15 ապրիլի 2013 - 12:54 AMT
Տիգրան Բալայան. ՄԱԿ ԱԽ փորձագետների խմբի զեկույցում որևիցե մեղադրանք Հայաստանի հասցեին չկա

Լիբիային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձևի համաձայն ստեղծված փորձագետների խմբի փետրվարի 15-ի զեկույցում չկա նման ձևակերպում, թե իբրև Հայաստանից զենք է մատակարարվել Լիբիա և ընդհանրապես որևիցե մեղադրանք Հայաստանի նկատմամբ բացակայում է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Լիբիայի դեմ պատժամիջոցների հարցով աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրած զեկույցում նշում է, թե Հայաստանը զենք է մատակարարել Լիբիա` չնայած գործող պատժամիջոցներին

«Զեկույցում, որը հասանելի է ՄԱԿ-ի կայքէջում, նշված են Լիբիա ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման հետ առնչություն ունեցող, տարբեր` այդ թվում նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներում գրանցված մի շարք մասնավոր ընկերություններ: Այդ շարքում հիշատակվում են նաև հայաստանյան գրանցում ունեցող երկու ընկերություն:

Հայաստանն՝ ի պատասխան փորձագետների խմբի հարցման, ամբողջական և սպառիչ տեղեկատվություն է տրամադրել վերոհիշյալ ընկերությունների և նրանց գործունեության մասին»,-ասել է Տիգրան Բակայանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: