21 նոյեմբերի 2005 - 13:55 AMT
Հայաստանի եւ Ուկրաինայի խոսնակները հուշագիր են ստորագրել միջխորհրդարանական համագործակցության մասին
Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հուշագիր են ստորագրել երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության մասին: Գերագույն ռադայի նախագահի մամլո քարտուղար Իգոր Ստորոժուկի տեղեկատվության համաձայն, բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են խորհրդարանների միջեւ համագործակցության հիմնական ուղղություններն ու խորացմանն ուղղված քայլերը: Մասնավորապես, Վլադիմիր Լիտվինը նշել է, որ «չկան խնդրահարույց հարցեր, որոնք կարող են խանգարել համագործակցության ամրապնդմանն ուկրաինական եւ հայկական խորհրդարանների միջեւ»: Բացի այդ, հանդիպման ընթացքում Լիտվինը եւ Բաղդասարյանը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի եւ Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Կողմերը համաձայնվել են միջխորհրդարանական կազմակերպություններում համագործակցելու անհրաժեշտության հետ ինչպես խորհրդարանների, այնպես էլ առանձին խորհրդարանական կոմիտեների եւ խմբակցությունների մակարդակով: Միեւնույն ժամանակ, կողմերը նշել են, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերը լիարժեք չեն օգտագործում համագործակցության ներուժը:

Միեւնույն ժամանակ ընդհանուր առմամբ միջխորհրդարանական համագործակցության մակարդակը բարձր է: Բանակցությունների արդյունքում Լիտվինը եւ Բաղդասարյանը ստորագրել են հուշագիր խորհրդարանների միջեւ համագործակցության մասին: Այդ փաստաթուղթը սահմանում է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման ուղղություններն ու մեխանիզմները: Հանդիպումից հետո Վլադիմիր Լիտվինը ասել է, որ ինքը եւ Արթուր Բաղդասարյանը քննարկել են քաղաքական բարեփոխման անցկացումը Ուկրաինայում, որն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից: Ուկրաինայի խոսնակը ավելացրել է, որ այժմ նմանատիպ գործընթացներ են գնում նաեւ Հայաստանում: Իր հերթին, Արթուր Բաղդասարյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի հետ տարբեր ոլորտներում: Նրա խոսքերով, կողմերը որոշել են ակտիվացնել քաղաքական երկխոսությունը խորհրդարանների միջեւ, հաղորդում է «Ուկրաինսկիե նովոստին»: