21 նոյեմբերի 2005 - 15:52 AMT
Օլլի Ռեն. Էրդողանի հեռանալը Դանիայի վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիսից սխալ էր
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի եւ Դանիայի վարչապետ Անդրես Ֆոգ Ռասմուսենի միջեւ կայացած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Էրդողանի հեռանալու մասին որոշումը սխալ էր: Նման կարծիք է հայտնել Եվրամիության ընդլայնման գծով հանձնակատար Օլլի Ռենը, որն այս հարցում իր աջակցությունն է հայտնել Դանիայի վարչապետին: Էրդողանի խոսքերով, նա հեռացել է ասուլիսից քրդամետ «RojTV» հեռուստաընկերության ներկայացուցիչների ներկայության պատճառով:
Ինչպես հաղորդում է թուրքական «Նյու Անատոլիեն» լրատվական գործակալությունը, Օլլի Ռենը նշել է, որ լրագրողներին չի կարելի ասուլիսներից դուրս հրավիրել:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոպենհագենում հրաժարվել էր համատեղ մամլո ասուլիս անցկացնել Դանիայի կառավարության ղեկավար Անդերս Ռասմուսենի հետ, ինչը դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել: Այդպիսով թուրք ղեկավարն իր բողոքն է արտահայտել քրդերի շահերն արտացոլող RojTV հեռուստաընկերության հարցում այդ երկրի դիրքորոշման դեմ: Իմանալով, որ ասուլիսին ներկա են «RojTV» ընկերության լրագրողները, թուրք վարչապետը պահանջել է նրանց հեռացնել դահլիճից: Իսկ երբ դանիացի իր գործընկերը առարկել է` նշելով, որ Դանիայի կառավարությունը չի միջամտում մասնավոր ԶԼՄ-ների գործունեությանը, Էրդողանը հրաժարվել է համատեղ մամլո ասուլիսից եւ ճանապարհվել է օդանավակայան: