17 ապրիլի 2013 - 14:55 AMT
Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի 1-ին հրատարակությունից 80 տարի է անցել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և ՀՀ Ազգային գրադարանն այսօր ցուցադրություն են կազմակերպել` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության ութսունամյակին: Ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին և տարբեր լեզուներով լույս տեսած 50 հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկել է «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալ:

«Մուսա լեռան 40 օրը» պատմավեպում նկարագրվում է Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկը, որի ժամանակ և ֆրանսիական ռազմանավերի օգնությամբ բնաջնջումից հրաշքով փրկվեց ավելի քան 4 հազար մարդ: Գրքում գեղարվեստական ստեղծագործության սահմաններում լիարժեքորեն ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափներն ու ինքնապահպանության համար մղված պայքարը: