17 ապրիլի 2013 - 18:52 AMT
ԱԺ պատգամավորները` ԵԽ ԳՔ-ին. Մարտի 1-2-ի դեպքերը չեն բացահայտվում, Ադրբեջանը հայատյացություն է քարոզում

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Լևոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը՝ Դավիթ Հարությունյանի գխավորությամբ, հանդիպել են Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարևոր և պատմական է որակել ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը՝ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը Հայաստանին փոխանցելու նախօրեին: Թորբյորն Յագլանդը խորհրդարանական ուժերի հետ քննարկել է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նկատելով, որ Հայաստանը լրջորեն և պատասխանատվությամբ է վերաբերվում իր գործառույթներին որպես նախագահող երկիր: ԵԽ ներկայացուցիչը նաև ծանոթացրել է իրենց նախաձեռնած՝ կազմակերպության բարեփոխումների ընթացքին՝ մասնավորապես ուղղված մոնիտորինգի գործընթացի բարելավմանը ու ԵԽ 47 անդամ երկրների միջև հավասարության ապահովմանը: ԵԽ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ համագործակցությունը Հայաստանի հետ էլ ավելի կսերտանա: Դրա հիմքերը, ըստ նրա, բավարար են. ԵԽ-ի և ՀՀ-ի միջև ստորագրվել է ինչպես առաջիկա տարիների գործողությունների ծրագիրը, այնպես էլ Երևանում ԵԽ գրասենյակին նոր կարգավիճակ հաղորդող Փոխըմբռնման հուշագիրը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԵԽ պաշտոնյային փոխանցել է իր մտահոգությունները ժողովրդավարեցման ընթացքի և ընտրությունների որակի մասին, խոսել է 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերը չբացահայտելու և խոսքի ազատության սահմանափակումների մասին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ուղղված իր՝ մինչ օրս անարձագանք մնացած դիմումի հարցը: Պատգամավորը դեռ մեկուկես տարի առաջ էր հանձնակատարին ուղարկել Ադրբեջանում պետական մակարդակով ու դասագրքերում հայատյացություն քարոզելու մասին փաստեր: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն իր անհամաձայնությունն է հայտնել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ՝ փաստելով Ընտրական օրենսգիրքը փոփոխելու անհրաժեշտությունը:

ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշել է, որ Հայաստանի առաջընացը ԵԽ Գլխավոր քարտուղարի նախորդ այցից հետո ակնհայտ է, 2010 թ.-ի և ներկա իրավիճակներն անհամադրելի են: Նա նշել է, որ խորհրդարանում իր կուսակցությունը ներկայացված է 53 տոկոսով, և ընդդիմությունը բավական մեծ ներկայություն ու լիազորություններ ունի օրենսդիր մարմնում՝ ամրագրված նաև Դոնթի բանաձևով: Դավիթ Հարությունյանը սա համարել է քաղաքական նոր որակ: Նա տեղեկացրել է նաև, որ մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել Ընտրական օրենսգրքի փոփոխություններ՝ քննարկելով բոլոր դրույթներն ու առաջարկները Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անունից Դավիթ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել թե ԵԽ բարեփոխումների իրականացմանը, թե Նախարարների կոմիտեում Հայաստանի արդյունավետ նախագահությանը: