18 ապրիլի 2013 - 19:04 AMT
Տիգրան Սարգսյանն ընդունել է Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Երևանում անցկացված «Ռուսաստան և Հայաստան. բարեփոխումների դասերը» խորագրով Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին, որն անցկացվել է Եգոր Գայդարի հիմնադրամի, Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ:

Սարգսյանը ողջունել է նման քննարկումների անցկացումը, կապերի խորացումը և հայտնել կառավարության աջակցությունն այսպիսի նախաձեռնություններին:

Այնուհետև ներկայացվել է Գայդարյան ընթերցումների գիտա-գործնական ծրագրի ընթացքը, որում քննարկումներ են ծավալվել սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ: Նշվել է, որ 2010 թվականից ՌԴ-ում մեկնարկած ծրագիրն ԱՊՀ երկրներից առաջին անգամ անցկացվում է Հայաստանում:

Ծրագրի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել Երևանում անցկացված քննարկումների արդյունքներից, անդրադարձել տնտեսության և հումանիտար բնագավառներում ուսումնական և գիտական միջազգային փորձին ու միտումներին: