18 ապրիլի 2013 - 19:56 AMT
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 18-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերին, հանձնաժողովի փոխնախագահներ Յարոսլավ Լոբկովիչին, Ֆրանտիշեկ Նովոսադին եւ հանձնաժողովի անդամ Սոնյա Մարկովային:

Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերություններին և Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր:

Շարմազանովն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում և օրենսդրական դաշտում կատարված բարեփոխումներին, երկրի ժողովրդավարական զարգացումներին: Նա Չեխիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման հնարավորություններն ավելի բարձր է գնահատել, քանի որ Պրահայում արդեն գործելու է Հայաստանի դեսպանատուն:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանը վճռական է տրամադրված՝ շարունակական դարձնելու եվրաինտեգրմանն ուղղված քաղաքականությունը, Եվրամիության և նրա անդամ երկրների, մասնավորապես Չեխիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը:

ԱԺ փոխնախագահը հորդորել է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել տարածաշրջանային խնդիրներին՝ նշելով, որ Չեխիայի խորհրդարանի կոմիտեներից մեկի՝ Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ընդունած բանաձևը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի բխում խաղաղ բանակցությունների շահերից:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող խնդիրներ: