24 նոյեմբերի 2005 - 18:55 AMT
ՍԾՏՀ ԽՎ-ն հավանություն է տվել Կարս-Գյումրի երկաթուղու բացմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) կողմից Կարս (Թուրքիա)-Գյումրի (Հայաստան) երկաթուղու բացման հավանություն տալու հարցը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը` մեկնաբանելով նման որոշման կայացումը նախօրեին Տիրանայում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի հերթական նիստում: Նրա խոսքերով, Ադրբեջանի ԱԳՆ հետագա գործողությունները կախված կլինեն հարցի ուսումնասիրման արդյունքներից: ԱԳՆ-ն միջոցներ կձեռնարկի ըստ իրադրության, նշել է փոխնախարարը:
Նախօրեին ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի նիստում Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է Կարս-Գյումրի երկաթուղու բացման հարցը եւ արդյունքում ՍԾՏՀ ԽՎ-ն հավանություն է տվել այդ հարցի լուծմանը: Մինչդեռ, ՍԾՏՀ ԽՎ Կոմիտեի նախագահ, Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Շահիտդին Ալիեւը հաղորդել է, որ Գլխավոր վեհաժողովի Կարս-Գյումրի երկաթուղին բացելու մասին հանձնարարականը «իրավաբանական ուժ չունի», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: