25 նոյեմբերի 2005 - 16:19 AMT
Վ.Օսկանյան. «Ղարաբաղը Հայաստանի մի մասն է, մեր հողն է, որտեղ դարերով ապրել են մեր նախնիները»
«Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է եւ երբեք չի հանձնվի Ադրբեջանի իրավասությանը»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Լեռնային Ղարաբաղի զարգացման համար միջոցների հանգանակման ԱՄՆ-ում ընթացող հեռուստամարաթոնի ժամանակ: Նա հայտարարել է , որ «Լեռնային Ղարաբաղը երբեք չի դառնա Ադրբեջանի մաս, քանի որ Ղարաբաղի ժողովուրդը եւ ողջ աշխարհի հայերը դա թույլ չեն տա»: «90-ականների սկզբին Ղարաբաղի բնակիչները պայքարում էին իրենց հողի համար փաստորեն դատարկ ձեռքերով: Ղարաբաղը Հայաստանի մի մասն է, մեր հողն է, որտեղ դարերով ապրել են մեր նախնիները: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում հայտնվեց միայն խորհրդային շրջանում»,-ասել է նախարարը: Նրա խոսքերով, «Ղարաբաղը միշտ առավել անկախ է եղել, քան Հայաստանը: Նույնիսկ երբ Հայաստանը եղել է զավթիչների լծի տակ, Ղարաբաղը պահպանել է իր անկախությունը: Որքան ամուր լինի կապը Լեռնային Ղարաբաղի հետ եւ նրա միասնությունը ողջ աշխարհի հայության հետ, այնքան դժվար կլինի ընդգրկել նրան Ադրբեջանի կազմում»,-ամփոփել է Վ.Օսկանյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: