27 նոյեմբերի 2005 - 14:26 AMT
Սահմանադրական հանրաքվե. Ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցում ընտրական հանձնաժողովների աշխատանքին
«Արդարություն» ընդդիմադիր դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչները չեն մասնակցում մարզային ընտրական հանձնաժողովների աշխատանքին եւ բոյկոտում են Հայաստանի Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեն: Այդ մասին նոյեմբերի 27-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Նրա խոսքերով, ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը մարզային ընտրական հանձնաժողովների աշխատանքին իրականացվում է հասարակական սկզբունքով` «նրանց աշխատանքը չի վարձատրվում»: «Ըստ ընտրությունների մասին օրենքի, հանրաքվեն չունի հանրապետական նշանակություն եւ մարզային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները իրավասու են հրաժարվելու այդ աշխատանքից»,-նշել է նա:

Հայաստանի ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, իր հերթին, հայտարարել է, որ ընտրական հանձնաժողովների ընդդիմության ներկայացուցիչները հետապնդվում են Հայաստանի դատախազության կողմից: «Նրանք դատախազություն ներկայանալու ծանուցագրեր են ստանում: Դատախազության աշխատակիցների գործողությունները հակասում են օրենքին»,-նշել է նա: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԿԸՀ-ում, ընդդիմության ներկայացուցիչների բոյկոտը չի կարող ազդել մարզային ընտրական հանձնաժողովների աշխատանքի վրա, իսկ ընտրական հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչների տեղերը թափուր են մնացել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: