23 ապրիլի 2013 - 11:53 AMT
Թբիլիսիում հայ ուսանողները խնդրել են ազատել իրենց դասերից ապրիլի 24-ին

«Վրաստանի հայկական համայնքի» Ուսանողական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները դիմել են ռեկտորին՝ խնդրելով ազատել հայազգի ուսանողներին դասերից ապրիլի 24-ին:

«Մենք, ներքոստորագրյալներս, դիմում ենք Ձեզ խնդրելով հաշվի առնելով տեղական օրենսդրությունը, ազատ արձակել հայ ուսանողներին դասընթացներից ապրիլի 24-ին, բացակայությունը համարելով հարգելի: Նաև խնդրում ենք Ձեզ, հաշվի առնելով այս օրվա նշանակությունը հայ ուսանողների համար, եթե այդ օրը կա որևէ քննություն նշանակված, թույլ տալ հայ ուսանողներին հանձնել այն ցանկացած մեկ այլ օր»,-ասված է դիմումում:

Դիմումի տակ ստորագրել են Թբիլիսիի պետական համալսարանի 250 ուսանողներ, նրանց աջակցել են նաև վրաց ուսանողները, հայտնում է կազմակերպության մամլո ծառայությունը: