23 ապրիլի 2013 - 21:50 AMT
Հայաստանը կշարունակի օժանդակությունն Աֆղանստանում խաղաղության և անվտանգության հաստատմանը

Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը շարունակելու օժանդակությունն Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: