24 ապրիլի 2013 - 13:05 AMT
Ա. Սկակով. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անհեռանկարային փակուղում է

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անհեռանկարային փակուղում է հայտնվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա, այժմ, նաև Սահակաշվիլիի կողմից առաջ մղվով «չերքեսների ցեղասպանության ճանաչման» շնորհիվ, այս կամ այն ժողովրդի ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման թեման դարձել է արտաքին քաղաքականության ոլորտում ճնշման գործոն, սադրանքի տարր, ոչ թե պատմական արդարության ճանաչում:

«Այդ համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բացառապես կախված է Թուրքիայի ապագայից: Իսկ այդ երկրի ապագան, անկախ ակնհայտ սխալներից, ինձ բավականին կայուն ու նույնիսկ անամպ է թվում: Այո Թուրքիան իր խնդիրներն ունի, սակայն շրջապատված է այնպիսի քանակի «օտար» խնդիրներով, որ ընկալվում է որպես կայունության ու անդորրի կղզյակ:

Օրինակ, ես ավելի հավանական եմ կարծում ԼՂՀ միջազգային ճանաչումն ու Ադրբեջանի գլոբալ ճգնաժամը՝ ներքին ու արտաքին, քան ճգնաժամը Թուրքիայում: Թուրքիան օտարների ճգնաժամն օգտագործում է իր անվտանգությունն ապահովելու համար: Ի՞նչ կարող է դրան հակադրել Հայաստանը և հայությունը, բավականին պառակտված լինելով: Դեռ ոչինչ: Ոչ մի լուրջ համաշխարհային ուժ չի ցանկանա հիմա հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ Հայաստանի պատճառով՝ առավել ևս արդարության կամ այլ ոչ քաղաքական ֆանտոմների պատճառով, ուստի ցավոք, Հայոց ցեղասպանության լայն ճանաչում ակնկալել չենք կարող»,-ասել է ռուս քաղաքագետը: