24 ապրիլի 2013 - 16:29 AMT
Վահրամ Քուրքչյան. Ամբողջ կյանքի ընթացքում տատս մղկտում էր` քրոջը թուրքը սպանե՞ց, թե՞ գայլերը կերան

Իրանահայ գրող Վահրամ Քուրքչյանը Ծիծեռնակաբերդ էր եկել ծաղկեպսակ դնելու մեր նախնիների և Մեծ Եղեռնի ժամանակ զոհված իր 25 հարազատների հիշատակին:

Վահրամ Քուրքչյանը Ցեղասպանության մասին լսել է տատից, ով մի կերպ է փրկվել: Ընտանիքը միշտ ցավի մեջ է ապրել, քանի որ տատը ոչ մի վայրկյան չէր մոռանում այն ամենը, ինչի միջով անցել է: «Տատիս եղբորն ու հորը գնդակահարել են: Աքսորի ժամանակ տատս ու իր փոքր քույրն անցել են անապատի միջով, տատս նրան գրկած է տարել: Ճանապարհին հոգնել է, անապատում քարեր է շարել, քրոջը թողել այդտեղ: Էլ չի կարողացել գրկած տանել: Մի քիչ առաջ է շարժվել, բայց խիղճը չի տարել, հետ է վերադարձել, որ քրոջը տանի, տեսել է քույրն արդեն չկա: Այդպես էլ ամբողջ կյանքի ընթացքում տատս մղկտում էր` քրոջը թուրքը սպանե՞ց, թե՞ գայլերը կերան»,- պատմում է Վահրամ Քուրքչյանը: Նա նաև նշեց, որ երբ իր մայրը ծնվել է, տատը աղջկան քրոջ անունով է կնքել:

Գրողը նկատեց, որ այսօր մենք պետք է հասնենք նրան, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը և Թուրքիան հատուցի հայերին: