24 ապրիլի 2013 - 16:58 AMT
Հանրապետության որոշ շրջաններում մասնակիորեն ցրտահարվել են խաղողի այգիները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր հրատապ խորհրդակցություն` նվիրված անցած գիշեր եղանակային կտրուկ փոփոխության հետևանքով հանրապետության հարթավայրային և նախալեռնային գոտու առանձին տարածաշրջաններում արձանագրված ցրտահարության դեպքերի գնահատմանը և առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող վտանգի կանխարգելման միջոցառումներին:

Ըստ նախնական տեղեկատվության` Արտաշատի, Մասիսի և էջմիածնի տարածաշրջաններում հիմնականում տուժել են լոբազգի մշակաբույսերի և վաղահաս կատոֆիլի ցանքերը: Մասնակիորեն վնասվել են նաև խաղողի այգիները:

Որոշվեց առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող ցրտահարության վտանգը կանխարգելելու համար, հորդորել նշված գոտիների գյուղացիական տնտեսություններին հնարավորինս առատ ոռոգել այգիներն ու բանջարանոցները, կրկին դիմել պայքարի ավանդական միջոցին` կիսաչոր բուսական մնացորդներով, աթարով կամ այլ հնարավոր միջոցներով կայուն ծխածածկույթի ստեղծմանը` ամբողջ տարածքի համար:

Գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական խորհրդատվություն մատուցելու համար ստեղծվեցին հատուկ աշխատանքային խմբեր` փոխնախարարների գլխավորությամբ, որոնք ողջ օրվա ընթացքում ԳԱՄԿ-երի մասնագետների ուղեկցությամբ կլինեն տեղերում և համապատասխան աջակցություն կցուցաբերեն հողօգտա-գործողներին, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: