24 ապրիլի 2013 - 17:02 AMT
Եղեռնը վերապրածի դուստր. Կամրջի վրա թուրքերը կանանց գրկից վերցնում էին երեխաներին ու նետում ջուրը

Մարիետա Գևորգյանը, ում հայրը Հայոց ցեղասպանության ժամանակ Կարսից է փախել, մի ցանկություն ունի` «անցնել հայ-թուրքական սահմանը, մտնել Թուրքիայի խորհրդարան ու թքել նրանց արդարության ճակատին»: Մայրն էլ է Արևմտյան Հայաստանից եղել, մի գյուղից:

Կինը թուրքերին բորենի է անվանում, քանի որ իր հիշողության մեջ թարմ են հոր պատմությունները հայերի ջարդերից: Հոր ընտանիքից միայն երկուսն են փրկվել` հայրն ու հորեղբայրը: «Հայրս պատմում էր, որ Կարսից աքսորի ժամանակ կամրջի վրա թուրքերը կանանց գրկից վերցնում էին երեխաներին ու նետում ջուրը, իսկ երբ տղամարդիկ փորձում էին նրանց պաշտպանել, գնդակահարում էին»,- հիշում է Մարիետա Գևորգյանը:

Հորը նա Եղեռնի քայլող հանրագիտարան է անվանում, տանը Ցեղասպանության մասին շատ գրքեր կան, հավաքվում էին երեկոներն ու ընտանիքով կարդում. «Իմ մեջ կարոտ կա, տատերիս ու պապերիս կարոտը, ու շատ ցավ կա»: