24 ապրիլի 2013 - 17:08 AMT
Հունահայերը քայլերթով անցել են դեպի Աթենքի կենտրոնական Սինտաղմա հրապարակը

Ապրիլի 21-ին Հունաստանի Հանրապետության Աթենք, Սալոնիկ և Քսանթի քաղաքներում տեղի ունեցան 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 98-ամյակի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին հունահայ համայնքային կառույցների կողմից՝ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Աթենքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների հիմնական միջոցառումը, որը կազմակերպված էր ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի և ՌԱԿ հայ իրավանց խորհրդի կողմից՝ Աթենքի մարզպետարանի նախաձեռնությամբ, կայացավ «Ռոյալ Օլիմպիկ» հյուրանոցի սրահում: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուց¬չությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, Հունաստանի քաղաքական կուսակցությունների, նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների անդամներ, հույն հասարակական գործիչներ և լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, Հունաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանին, Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Իոանիս Դրաղասակիսը, Ատտիկայի մարզպետի տեղակալ Աննա Պապադիմիտրիու-Ցացուն:

Ելույթով հանդես եկավ միջոցառման նախագահող Հակոբ Ավագյանը, հայ երիտասարդության խոսքը փոխանցեց Լորանս Մենենտյանը:

Ցուցադրվեցին երկու վավերագրական ֆիլմեր՝ Ցեղասպանությունը վերապրածների վկայություններով և պատմական լուսանկարներով:

Բանախոսությամբ հանդես եկավ Աթենքի Պանդեո համալսարանի արևելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Խրիստոտուլոս Յալուրիդիսը:

Հանդիսավոր ձեռնարկին հաջորդեց քայլերթ դեպի Աթենքի կենտրոնական Սինտաղմա հրապարակ, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ Հունաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության դեսպանության, ՀՀ ԶՈՒ, Կիպրոսի Հանրապետության, Հունաստանի խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի և Հունաստանի ասորիների միության կողմից ծաղկեպսակներ դրվեցին Անհայտ զինվորի հուշարձանին, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեցին Հունաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության օրհներգերը: Ապրիլի 20-25-ը Աթենքի Քլաթմոնոս հրապարակում գործում է նաև ՀՅԴ երիտասարդական միության կողմից կանգնեցված տաղավարը, ուր հայկական երաժշտության ներքո ցուցադրված են Հայոց ցեղասպանության մասին պատմող նկարներ, գրքեր, ձայնասկավառակներ և շապիկներ:

Սալոնիկում նահանգային և քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքային կառույցների համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ քաղաքի «Ի. Վելիդիս» դահլիճում: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, նահանգային և քաղաքային իշխանությունների, զինվորականության, քաղաքական կուսակցությունների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ և հույն հոգևոր հայրեր, լրագրողներ:

Հունաստանի վարչապետի անունից միջոցառմանը ողջույնի խոսք ուղղեցին ՝ Մակեդոնիայի և Թրաքիայի ապակենտրոնացված իշխանության գլխավոր քարտուղար Աթանասիոս Կարունձուսը, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետ Ապոստոլոս Ձիձիկոստան, Սալոնիկի եկեղեցական խորհրդի ատենապետի տեղակալ Գեորգիոս Ցամասլիսը, Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, հայ երիտասարդության ներկայացուցիչ Արթուր Ծատինյանը: Բանախոսեց հայտնի գիտնական, արվեստագետ և վերլուծաբան Նիկոս Լիղերոսը:

ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Մինաս Մարտիկյանն ընթերցեց օրվա առիթով ՀՀ դեսպանի ուղերձը:

Այնուհետև տեղի ունեցավ քայլարշավ դեպի Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ կայացավ Հայաստանի դեսպանության, հունական, նահանգային և քաղաքային իշխանությունների, Հունական 3-րդ բանակի հրամանատարության, Հունաստանի բանակի վետերանների և հայ համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Բանակային նվագախումբը հնչեցրեց Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության օրհներգերը:

Ապրիլի 20-ին կազմակերպվեց նաև Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի ցուցադրությունը: Քսանթի քաղաքում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ներկա էին Քսանթիի քաղաքապետի տեղակալը և քաղաքապետարանի խորհրդի անդամներ, ՀՅԴ կենտրոնական և տեղական կոմիտեների անդամներ, նախկին պատգամավորներ, զինվորական ղեկավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանի հայ և հույն հոգևոր հայրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանի խորհրդարանի նախագահի նախկին տեղակալ Պանայոտիս Զղուրիդիսը, Հունահայոց Ազգային վարչության ատենապետ Արա Մանգոյանը, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ադրիկ Ստեփանյանը: Բանախոսեց գրող-մտավորական Միխալիս Խարալամբիդիսը: Ընթերցվեց նաև ՀՀ դեսպանի ուղերձը:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին հունական ԶԼՄ-ներում: