24 ապրիլի 2013 - 17:50 AMT
Հայաստանի հանդբոլի Մ-19 տ. հավաքականը մասնակցելու է ԵԱ ընտրական մրցաշարի

Մայիսի 17-19-ը Վիեննայում անցկացվելու է մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշար, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչներրը: Նրանք ընդգրկված են 5-րդ խմբում և մայիսի 17-ին, 18-ին, 19-ին մրցելու են Ավստրիայի, Հոլանդիայի, Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի ընտրանին մարզում են Անահիտ Հարությունյանը և Աստղիկ Գյուրջինյանը, պարապմունքները սկսել է 2012-ի նոյեմբերից: Թիմը պարապում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում և «Հայաստան» մարզական միության աթլետիկայի դահլիճում: Այն շաբաթական 5 պարապմունք է անցկացնում:

«Թիմի խաղացողների մեծ մասը նախկինում մեր երկրի տարբեր տարիքային խմբերի հավաքականների կազմերում միջազգային ստուգատեսների է մասնակցել: Հայաստանից 15 մարզուհի է նախապատրաստվում: 3 մարզուհի կմիանա Ֆրանսիայից: Հավաքականն ունի դարպասապահի խնդիր: Թիմի հիմնական դարպասապահ Անուշ Բիլյանը վնասվածք էր ստացել և վիրահատվել»,- ասել է Գյուրջինյանը:

Հանդբոլիստուհիները մի քանի օր առաջ Թբիլիսիում իրենց կարողությունները փորձելու հնարավորություն էին ստացել: Նրանք ստուգողական խաղեր են անցկացրել Վրաստանի իրենց հասակակիցների հետ: