25 ապրիլի 2013 - 13:44 AMT
Կառավարությունը թույլ է տվել սկավառակներ արտադրողներին իրացնել կուտակված ապրանքն առանց դրոշմակնիքների

Հայաստանի կառավարությունը ապրիլի 25-ի նիստում փոփոխություններ է կատարել որոշման մեջ, որով թույլատրվել է իրացնել կուտակված ապրանքն առանց դրոշմակնիքների:

Բանն այն է, որ ըստ կառավարական որոշման, ապրիլի 18-ից հայկական շուկայում արգելվում էր առանց դրոշմակնիքի կրիչների (CD, DVD և այլ) արտադրությունը:

Ոլորտի ներկայացուցիչներն արդեն երկրորդ շաբաթն է բողոքի են դուրս գալիս կառավարության շենքի դիմաց: Մասնավորապես նրանք դժգոհ են, որ այսուհետ պարտավոր են ՀՀ Մտավոր սեփականության գործակալությանը իրենց արտադրանքի համար անհրաժեշտ թույլտվություն ներկայացնել օտարերկրյա ընկերությունների պրոդյուսերական խմբից, ինչը չափից թանկ ու աշխատատար «հաճույք է»: Ուստի, նրանք առաջարկում են թույլտվություն սահմանել միայն հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչների դեպքում:

Բացի այդ, արտադրողները պատրաստ են կիրառել դրոշմակնքիները, սակայն կառավարությունը դեռ չի տրամադրել դրանք: Ուստի նրանք պահանջում են թույլ տալ արտադրողներին իրացնել կուտակված ապրանքն առանց դրոշմակնիքների:

Այսպիսով, այսօրվա նիստում վարչապետը հարց բարձրացրեց այն մասին, որ այս մեղմացումը չնպաստի նրան, որ արտադրողները կրկին վերադառնան ապօրինի դաշտ: