25 ապրիլի 2013 - 15:00 AMT
Մոսկվան բարձր է գնահատում Ռուսաստանի ու Հայաստանի փոխգործակցության արդյունավետությունը ՀԱՊԿ-ում

Մոսկվան բարձր է գնահատում Ռուսաստանի ու Հայաստանի փոխգործակցության արդյունավետությունը ՀԱՊԿ-ում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին:

«Արդյունավետությունը բարձր է: Եվ Ռուսաստանը, և Հայաստանը հավատարիմ են այն պայմանավորվածություններին, որոնք առկա են երկու երկրների նախագահների միջև, այդ թվում նաև ՀԱՊԿ դեկտեմբերյան գագաթաժողովում:

Պայմանավորվածություններ, որոնք ուղղված են ցանկացած արտաքին սպառնալիքին պատասխան տալու ՀԱՊԿ հնարավորությունների ամրապնդմանը, ՀԱՊԿ անդամ երկրների ինքնիշխանության ապահովմանը»,-ասել է նա: Լավրովն ընդգծել է, որ այդ աշխատանքը մշտապես է տարվում: Մասնավորապես, վերջերս Հայաստան այցելեցին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, ՊՆ փոխնախարար, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը: «Այնտեղ մասնագիտական մակարդակով քննարկվեցին համագործակցության ուղիները ռազմատեխնիկական ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Միջազգային ասպարեզում մեր համագործակցությունն օրինակելի է, մենք միշտ սատարում ենք միմյանց, և առաջիկայում ևս այդպես է լինելու»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: