25 ապրիլի 2013 - 18:28 AMT
Գոմք գյուղի աշակերտներն այցելել են ՄԻՊ Վայոց ձորի տարածքային գրասենյակ

Ապրիլի 23-ին Վայոց ձորի մարզի Գոմք գյուղի դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Վայոց ձորի տարածքային գրասենյակ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից: Գոմք գյուղը վերջերս արժանացել էր «Ակտիվ համայնք» կոչումին և, որպես մրցանակ, աշակերտները պարգևատրվել էին Պաշտպանի աշխատակազմի Վայոց ձորի տարածքային գրասենյակ այցելությամբ:

Քանի որ աշակերտները տարբեր տարիքային խմբերից էին, հանդիպումն ավելի ուսուցողական ու մատչելի դարձնելու համար գրասենյակի աշխատակիցները մշակել էին նյութերի ներկայացման ինտերակտիվ մեթոդ:

Հանդիպման սկզբում նախ երեխաները ներկայացրել են իրենց գիտելիքները մարդու իրավունքների, երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ, որից հետո գրասենյակի աշխատակիցները մանրակրկիտ ներկայացրել են պաշտպանի լիազորությունները, պաշտպանին դիմելու կարգն ու ընթացքը:

Ցուցադրվել են երեխաների իրավունքների խախտման դեպքերի և պաշտպանության մեխանիզմների մասին պատմող ֆիլմեր: Ֆիլմի ցուցադրումից հետո երեխաները գունավոր պաստառների և խաղերի միջոցով փորձել են սահմանել` ինչ է երեխայի իրավունքը և ինչպես պետք է այն պաշտպանել: