25 ապրիլի 2013 - 19:15 AMT
Այլընտրանքային ծառայության պրակտիկայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են եղել

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 25-ին տեղի են ունեցել «Այլընտրանքային ծառայության օրենսդրական և իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ մարտի 18-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նախագծերի վերաբերյալ հնչել են ԱԺ պատգամավորների տարբեր տեսակետներ ու մտահոգություններ, և հանձնաժողովը նպատակահարմար է գտել այդ թեմայով անցկացնել խորհրդարանական լսումներ: