26 ապրիլի 2013 - 10:14 AMT
Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի մի խումբ անդամների հետ:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել կառույցի անդամներին` Արցախին մշտապես սատարելու և բարեկամության շրջանակ ստեղծելու համար:

Երկրի ղեկավարի բնութագրմամբ` դա կարևոր քաղաքական և մարդասիրական քայլ է, ինչը նոր որակ կհաղորդի երկու պետությունների և ժողովուրդների միջև կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև Արցախի ներքին ու արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը և մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: