26 ապրիլի 2013 - 21:49 AMT
Բրազիլիայում Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները մի քանի օր են շարունակվել

Ապրիլի 21-ին Սան Պաուլոյի «Հայկական Ակումբ» համալիրում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության հարցերին նվիրված կլոր սեղան, որի մասնակիցները քննարկել են նախորդ դարասկզբին տեղի ունեցած համամարդկային այդ ոճրագործության տարբեր ասպեկտները, հետագայում նախատեսվող քայլերը, ինչպես նաև ցուցադրվել են փաստագրական մի քանի ժապավեններ։ Հաջորդ օրը Սան Պաուլոյի Հայ Առաքելական եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն և սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պատարագին մասնակցել են բրազիլահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ, համայնքային միությունների և կազմակերպությունների ղեկավարներ և Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը։ Պատարագից հետո «Դուրյան» ազգային վարժարանի մի խումբ աշակերտներ հանդես են եկել թատերականացված ծրագրով։

Սուրբ Պատարագի արարողություններ են տեղի ունեցել նաև նույն՝ «Արմենիա» հրապարակի վրա գտնվող Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիներում, որոնցից հետո հայկական երեք եկեղեցիների պատարագների մասնակիցները ուղևորվել են դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան, որտեղ կատարվել է ծաղկեպսակների տեղադրման արարողություն։

Ապրիլի 24-ին Սան Պաուլո նահանգի Օրենսդիր Ժողովում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին։ Նիստին, որը նախագահում էր նահանգային պատգամավոր Էդսոն Ֆեռռարինին, ներկա էին դաշնային և նահանգային խորհրդարանների անդամներ, Բրազիլիայում ՀՀ դեսպանը, բրազիլահայ բոլոր միությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցական երեք հարանվանությունների ղեկավարներ։

Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկած բոլոր օրենսդիրներն առանձնակի ընդգծել են Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը։ Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: