29 ապրիլի 2013 - 14:50 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Մեկն արյուն էր ուզում, չեղավ, մեկն ուզում էր դառնալ Հայաստանի Քրիստոսը, չդարձավ

Եթե որևէ մեկի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանը տպավորություն թողեց, որ կարող է իշխանափոխություն իրականացնել մեկ օրում, ապա դա իր սխալն էր: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանն ու ընդգծեց, որ հնարավոր չէ մեկ օրում հասնել իշխանափոխության:

«Ես պատրաստ չէի ապրիլի 9-ից հետո հարյուրավոր ցավակցական հեռագրեր ուղղարկել: Հայաստանը մի իրավիճակում է, երբ մի օրով ոչինչ չի փոխվում, բայց փոփոխություն, վերջիվերջո, կլինի»,- ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ դե ֆակտո, ապօրինի իշխանությունը հինգ տարի ևս չի իշխելու, բայց դրան հասնելու համար, երկրի ապագայի համար ինչ-որ բան անելու համար անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունը:

«Արդարացի չէ որոշ քաղաքական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների և քաղաքագետների այն քննադատությունները, թե ապրիլի 9-ից հետո շարժումը գնաց այլ ճանապարհով՝ իշխանափոխության կամ արմատական քայլերի փոխարեն: Որոշ մարդկանց մոտ ակնկալիք կար, որ մեկ ժամվա ընթացքում կամ մեկ հավաքով ամեն ինչ կփոխվի»,- ասաց նա և ավելացրեց,- «Ես ինքս զրուցում եմ ինձ քննադատած մարդկանց հետ: Մեկն արյուն էր ուզում, որը չեղավ: Մեկն ուզում էր դառնալ Հայաստանի Քրիստոսը, չդարձավ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ապրիլի 9-ի դեպքերը և հետագա զարգացումը տարբեր մեկնաբանություններ բերեցին այն մարդկանցից, ովքեր ընդհանրապես ոչինչ չեն արել ժողովրդի համար: «Հեգնելով ժողովրդին, և զրո բան անելով՝ այսօր նրանք քննադատում են ժողովրդին», - ասաց նա և ավելացրեց,- «Անցել ենք այն փուլը, երբ որևէ մեկը պետք է ակնկալիք ունենա Րաֆֆուց կամ Սերժից: Որևէ մեկն իմ միտքը թող իրեն չվերագրի: Հայ գործիչներն ինչ-որ գնահատականներ են տալիս ուրիշների մասին, երբ ոչինչ չեն արել փետրվարի 18-ին: Սա վերաբերում է իմ կողմից հարգված քաղաքական գործիչների ու քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին: Օրինակ` նախարարներից մեկը, ով գնահատում է իմ ձեռքսեղմումը: Էլ բանուգործ չունի: Կամ ազգային հերոսը, ով խոսում է իմ սխալների մասին: Երեք ամիս հեգնելով ժողովրդին` գտել են իրենց ոգին ու դուխը ու քննադատում են ուրիշին: Դե արեք, տղերք, դաշտը բաց է: Ով ուզում է թող անի հերթական բոյկոտը, թող անի, բայց այդ անվանական ցեխարձակումներից ի՞նչ է մնում դաշտում»:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանի` իր հասցեին հնչեցրած հայտարարություններին և քննադատություններին, և ասաց. «Ժիրայր Սեֆիլյանն ազգային հերոսներից մեկն է, ով մայիսի 9-ին ազատագրեց Շուշին, և հարգանքի է արժանի: Միայն կասեմ, որ ակնկալիքները տարբեր էին ապրիլի 9-ին: Ժիրայր Սեֆիլյանին մեծ հաճույքով կզիջենք Ազատության հրապարակը՝ այն օրը, երբ իրենք ցանկանան հանրահավաք անցկացնել, ինչպես նաև ապրիլի 30-ին կզիջենք ՀԱԿ-ին: Ես պարզապես Ժիրայրին ասել եմ, որ մայիսի 9-ին մենք ենք նախատեսել հանրահավաք անցկացնել: Նախնական տվյալներով՝ նա որոշեց այդ օրը գնալ Գյումրի: Կարող են գալ և միանալ մեզ, կարող են այդ օրը մեզնից հետո հանրահավաք անել»: