29 ապրիլի 2013 - 15:57 AMT
Հայ–բելառուսական տնտեսական կապերը զարգանում են

2002 թվականից Հայաստանի և Բելառուսի հանրապետությունների առևտրաարդյունաբերական պալատների նախաձեռնությամբ Երևանում և Մինսկում պարբերաբար կազմակերպվում են գործարարների ամենամյա հանդիպումներ։ Հերթական այցով ապրիլի 29–ից մայիսի 2–ը Երևանում են Բելառուսի հանրապետության Գրոդնոյի մարզի գործարարները, ովքեր ապրիլի 29–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում հանդիպում ունեցան հայ գործընկերների հետ։ Հանդիպմանը ներկայացվեցին երկու երկրների ներդրումային հնարավորությունները,կազմակերպվեցին ապրաքատեսակների և ծառայությունների շնորհանդեսներ, կլոր սեղաններին ստեղծվեցին նոր կապեր, որով ավելի են տեղեկացվում և փոխվստահությունը ավելացնում գործարարները։

Բելառուսական պատվիրակությունը ներկայացնում էր տնտեսության տարբեր ոլորտներ՝ սննդային խտանյութերի արտադրություն, մսի վերամշակում, կաթնամթերքների արտադրություն և իրացում, տղամարդու, կանացի և մանկական գուլպա–նասկեղենի արտադրություն, ալյուրեղենի արտադրություն, տրակտորային տեխնիկայի ու պահեստամասերի արտադրություն և այլն։ Հայաստանում Բելառուսի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոն և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նշեցին, որ հայ–բելառուսական տնտեսական կապերը ծավալելու լուրջ ներուժ կա, այդ թվում նաև դիվանագիտական գործոնը։

Բելառուսի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի Գրոդնոյի մասնաճյուղի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։ Հանդիպումները կազմակերպում են Երևանի և Գրոդնոյի առևտրաարդյունաբերական պալատները, հայտնում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայության ղեկավարը: