29 ապրիլի 2013 - 16:00 AMT
Վարչապետ. Հայ-ռուսական փոխգործակցության ոլորտներն ընդլայնվել են

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկկողմ կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար: «Կարող ենք փաստել, որ հայ-ռուսական փոխգործակցության ոլորտներն ընդլայնվել են: Այսօր մեր երկու դաշնակից պետությունների միջև ձևավորվել են ավելի բազմատեսակ կապեր, որոնք ներառում են ոչ միայն տնտեսական, այլև հումանիտար ոլորտները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վյաչեսլավ Կովալենկոն ևս գոհունակություն է հայտնել համատեղ կատարած աշխատանքից և վստահեցրել, որ այսուհետ էլ կփորձի օգտակար լինել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: