30 ապրիլի 2013 - 14:22 AMT
Վաղը կմեկնարկի «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը

Վաղը Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում կմեկնարկի «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։

Կինոփառատոնին ներկայացված շուրջ 70 ֆիլմերից ընտրվել է և կցուցադրվի 25 աշխատանք։ Փառատոնը ներառում է կարճամետրաժ ֆիլմեր, ժանրային և այլ բնույթի սահմանափակումներ չկան: Փառատոնի բացման արարողության ժամանակ կցուցադրվի Ուրուգվայում նկարահանված «Միասին աշխարհում» 33 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը, որն աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրի և այդտեղի հայ համայնքի մասին է:

Փառատոնի 5 օրերի ընթացքում լավագույն ֆիլմեր կընտրվեն հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մտահղացում», «Հանդիսատեսի համակրանք»։ Ֆիլմերը կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողին կորոշի հանդիսատեսը՝ փառատոնի կայքէջում համապատասխան քվեարկությամբ, հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: