Բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը մեքսիկացի Խավիեր Գալլոյի հետ մենամարտին, որը տեղի կունենա մայիսի 11-ին ամերիկյան Լարեդո քաղաքում, պատրաստվում է ԱՄՆ-ում Էդմոն Թարվերդյանի ակումբում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է բռնցքամարտիկի մարզիչ Վազգեն Բադալյանը:
«Վիկը հիմա լավ մարզավիճակում է, նա արդեն մեկ ամիս է մարզվում է ԱՄՆ-ում ու պատրաստվում է մենամարտին: Եթե նրան հաջողվի հաղթել, ապա նա կկարողանա պայքարել չեմպիոնի գոտու համար»,-ասել է Բադալյանը:
Ըստ մարզչի, Գալլոն, ինչպես մեքսիկացի բռնցքամարտիկներից շատերը, գերադասում է տոտալ մենամարտը: Բադալյանը խորհուրդ է տվել Դարչինյանին էլ ավելի արագ գործել ու երկու ձեռքերն էլ օգտագործել:
«Բոլորը գիտեն, որ Դարչինյանը շատ ուժեղ հարվածներ է հասցնում, նա պետք է զարմացնի մրցակցին տեխնիկական բռնցքամարտով: Մեքսիկացիները միանգամից սկսում են զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով ու որոշ նրբությունների մասին չգիտեն»,-ասել է մարզիչը:
Ըստ Բադալյանի, այս մենամարտում Դարչինյանը պետք է երկու ձեռքով մենամարտի, չնայած որ ձախլիկ է, քանի որ մրցակիցը պատրաստ չի լինի դրան: