Ապրիլի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է 65-ամյա Ժորժ Բաղումյանը: Նա բանտում էր հարկերից խուսափելու մեղադրանքով: Բաղումյանի փաստաբանը պնդում է, որ նրան անհրաժեշտ բուժօգնություն ցույց չեն տվել, ինչն էլ մահվան պատճառ է դարձել:
Դեպքից հետո Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման արդյունավետությանը խոչընդոտող խնդիրներին:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ 1200 դատապարտյալ ունեցող քրեակատարողական հիմնարկում գիշերային հերթապահության ժամանակ աշխատում է միայն մեկ բուժակ, ինչը անհնարին է դարձնում մի քանի դատապարտյալի միաժամանակ բժշկական օգնություն ցուցաբերելը:
Պաշտպանը ՀՀ վարապետին ուղղված տեղեկանքի մեջ անդրադարձել էր այս խնդրին, որը արձանագրվել էր դեռևս 2012թ-ի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում քրեակատարողական հիմանարկներ այցելություններ կատարելու ընթացքում:
Մեկ այլ խնդիր է նաև կառավարության 2006թ.-ի որոշմամբ հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի հստակեցումը, որի հետ կապված Պաշտպանը բազմիցս առաջարկներ է արել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրում ընդգրկել և հստակեցնել պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները, սակայն առաջարկը դեռևս քննարկման փուլում է:
Ապրիլի 29-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Ժորժ Բաղումյանի դեպքի մանրամասները ճշտելու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ արդարադատութան նախարարի պաշտոնակատարին: