30 ապրիլի 2013 - 16:54 AMT
Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցն օբյեկտիվ է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստում քննարկվել և հաստատվել է փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ զեկույցի հետ կապված մեկ գրավոր հարց բյուրոյին ուղղել էր պատվիրակության անդամ, ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը։ Դավիթ Հարությունյանը նստաշրջանի ընթացքում ներկայացրել է Հայաստանի նախագահի ընտրությունների արդյունքների մասին զեկույց։ «ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցն օբյեկտիվ է, թեև կան դրույթներ, որոնց հետ համաձայն չեմ, իսկ դա բնական է, քանի որ յուրաքանչյուրը նույն երևույթը տարբեր ձևով է գնահատում։ Որևէ դիտավորություն միտումնավոր փաստերը խեղելու ես չեմ նկատել»,- ասաց նա։

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը նկատեց, որ ԵԽԽՎ-ում տասներկու տարիներին աշխատելու ընթացքում Հայաստանը մեծ ճանապարհ է անցել, և դեռ չի հայտնվել մոնիտիրինգի տակ։ «Եվրոպական շատ երկրներ մեզնից առաջ չեն»,- եզրափակեց նա: