6 դեկտեմբերի 2005 - 14:38 AMT
Դեռեւս պայմանավորվածություն ձեռք չի բերվել ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների շարունակման ժամկետների վերաբերյալ
Լյուբլյանայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել ղարաբաղյան խախաղ կարգավորման բանակությունների շարունակման ժամկետների եւ վայրի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: «Ցանկություն կա երկուստեք հնարավորին չափ շուտ վերսկսել նախագահների եւ ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունները, բայց դեռեւս կոնկրետ ո'չ օր, ո'չ էլ վայր չի որոշվել այդ հանդիպումների համար», - ասաց Օսկանյանը` հույս հայտնելով, որ դեկտեմբերի կեսերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից հետո հստակ կդառնան հաջորդ հանդիպումների ժամկետները: Պատասխանելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում իր` այսօր ունեցած ելույթին վերաբերող հարցին` Օսկանյանը ասաց, որ հիմնական շեշտը դրանում դրել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վրա:

«Իմ ելույթի հիմնական շեշտը վերաբերում էր ժողովուրդների ինքնորոշման հարցին: Այս տարի այս նախարարականը համընկնում է Հելսինկիի Եզրափակիչ ակտի 30-րդ տարեդարձին, եւ իմ ելույթի հիմնական առանցքը եղել է այն փաստը, որ մենք պետք է ամբողջական մոտեցում ցուցաբերենք բոլոր, այսպես ասաց «10 պատվիրաններին» [Եզրափակիչ ակտի], եւ չենք կարող որեւէ մեկին որեւէ նախապատվության տալ: Եվ այդ ուղղությամբ շեշտը դրել եմ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա` Ղարաբաղի հարցը ներկայացնելով այդ կոնտեքստի մեջ` հիմնավորելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պատմական, իրավական եւ այսօր ստեղծված քաղաքական իրավիճակի հիմնավորումների վրա»,-նշել է Վարդան Օսկանյանը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ըստ Օսկանյանի, պետք է իր «ինքնորոշված լինելու հանգամանքին օրինական բնույթ տա, դրան ճանաչում տա»: «Ադրբեջանի կողմից այդ իրավունքի ճանաչումը արդեն կարող է լուրջ պրոցեսի սկիզբ դնել, եւ մենք կկարողանանք արդեն այդ ճանաչումից հետո անդրադառնալ նաեւ հարցի մյուս կողմերին եւ ցուցաբերել ամբողջական մոտեցում», - ասաց նա` կրկնելով. - «Բայց հիմնականը, առանցքայինը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը եւ այդ սկզբունքի վրա այս հարցի կարգավորումը»,-ամփոփել է Հայաստանի ԱԳ նախարարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: