Մայիսի 2-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության և Proparco ասնաճյուղի հաստատման և գործունեության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Proparco -ն զարգացման ֆինանսական հաստատություն է, որի հիմնական նպատակն է օժանդակություն ցուցաբերել մասնավոր ներդրումներին նորաստեղծ և զարգացող երկրներում: Ընդ որում, ՊՐՈՊԱՐԿՈ-ն առաջարկում է զարգացող երկրներում մասնավոր ներդրողների հատուկ պահանջներին համապատասխան ֆինանսական գործիքներ` վարկեր, սեփական միջոցներ, սեփական միջոցներին համարժեք գործիքներ, երաշխիքներ և ֆինանսական ինժեներիա:
Գնահատելով Հայաստանի ներդրումային ներուժն ու առկա կապերը, Ֆրանսիական Պրոպարկո Զարգացման ֆինանսական գործակալությունը (Investment and Promotion Company for Economic Cooperation) արդեն գործում է Հայաստանում: Ապրիլի 18-ին Ժերոմ Բերտրան-Հարդին և Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ստորագրեցին վարկային պայմանագիրը, որով Պրոպարկո Զարգացման ֆինանսական գործակալությունը 15 մլն դոլարի վարկ կտրամադրի Ամերիաբանկին: Վարկն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտի և սննդի վերամշակման փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Վարկային միջոցները կտրամադրվեն 8 տարի ժամկետով մրցունակ շուկայական տոկոսադրույքներով:
Այսօրվա դրությամբ Ֆրանսիան երկրորդ երկիրն է Հայաստանում կատարվող ներդրումային ծրագրերի ծավալով Ռուսաստանից հետո և առաջինն է արևմտյան երկրների թվում: Երկրի տարածքում գործում է ֆրանսիական կապիտալով շուրջ 150 ընկերություն: Երկկողմ համագործակցության զարգացման համար 2012թ. աշնանը հիմնվեց հայ-ֆրանսիական գործարարների ակումբը: