2 մայիսի 2013 - 13:21 AMT
Իլինոյսում տեղի կունենա «Անատոլիայի քրիստոնյաների ցեղասպանությունները օսմանցի թուրքերի կողմից» գիտաժողովը

ԱՄՆ Իլինոյսի նահանգի Հոլոքոսթի թանգարանում մայիսի 10-11-ին տեղի կունենա «Անատոլիայի քրիստոնյաների ցեղասպանությունները օսմանցի թուրքերի կողմից» գիտաժողովը: Ինչպես գրում է skokie.suntimes.com-ը, արդեն մեկ ամիս է, ինչ թանգարանն ու նրան կից գործող կրթական կենտրոնը սկսել են Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին ծրագիրը:

Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ տարբեր երկրներից, որոնք կներկայացնեն իրենց հետազոտությունները հայերի, ասորների և հույների ցեղասպանությունների մասին: Գիտաժողովի մոդերատորը կլինի Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանը, որը «Փոքր Ասիայի աղետն ու օսմանյան հույների 1913-1923թթ. ցեղասպանությունը» գրքի հեղինակն է: Գիտաժողովի կազմակերպիչներն են Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Ցեղասպանությունների հետազոտման ասորական կենտրոնը, Փոքր Ասիայի ու Պոնտոսի հույների կենտրոնը, որի հիմնադիրն է Ջորջ Մավրոպուլոսը: