Այսօր Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ընդունել է Բարաբաթում թաղամասի վթարային վիճակում գտնվող104 տան բնակիչ Նարեկ Բաբայանին և նրան առաջարկել ընտանիքի անդամներին տեղափոխվել Կապանի հանրակացարան:
«Հանրակացարանն ավելի վթարային է, քան 104 տունը, և տնօրենը հեռախոսազանգի միջոցով պատասխանեց, որ այնտեղ անհնար է ապրել: Քաղաքապետի մեկ այլ առաջարկով կարող ենք տեղափոխվել Կապանի հեռավոր գյուղերից մեկը, բայց ընտանիքից աշխատում է մեկ հոգի և այն էլ Բարաբաթում թաղամասում, հետևաբար տեղախոխվելու դեպքում ընտանիքը կմնա առանց եկամուտի միակ աղբյուրի», - PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց Նարեկ Բաբայանն ու նշեց, որ, քաղաքապետի խոսքով, ոչ քաղաքպետարանը, և ոչ էլ մարզպետարանը նրանց այլ կերպ չեն կարող օգնել:
«Ստացվում է մի իրավիճակ, երբ ընտանիքիս արտագաղթելուց բացի ոչինչ չի մնում անել: Տեսնես գոնե քաղաքապետարանը կհոգա տոմսերի գումարը», - ասաց Նարեկ Բաբայանը
Ավելի վաղ PanARMENIAN.Net-ը տեղեկացրել էր, որ Բարաբաթում թաղամասի 104 տան բնակիչները բաց նամակ են հղել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Կապանի քաղաքապետին և Սյունիքի մարզպետին, որտեղ խնդրում են քայլեր ձեռնարկել ծայրահեղ վթարային վիճակում գտնվող տան բնակիչներին օգնելու համար: