3 մայիսի 2013 - 14:05 AMT
Արմեն Ռուստամյանը` հետընտրական դաշինք կազմելու հնարավորության մասին. Դեռ պարզ չէ՝ ինչ կլինի

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, Երևանի ավագանու ընտրություններում «Դաշնակցության» ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ոչ իշխանական ուժերը իրենց ջանքերը պետք է միավորվեն` հետագայում պտուղները քաղելու համար:

«Եթե վերահսկվի ընտրությունների ողջ ընթացքը, ապա իշխանությունը չի կազմի մեծամասնություն: Մնացյած ոչ իշխանական ուժերը ևս չեն կարող ստանալ հիսուն տոկոսից ավելի, հետևաբար շահեկան է գոնե հետընտրական դաշինք կազմելը: Նախընտրական դաշինքը չստացվեց, իսկ հետընտրական դաշինքի վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից կցկտուր հայտարարություններ են արվում, դեռ պարզ չէ՝ ինչ կլինի»,- այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը: Ըստ ՀՅԴ թեկնածուի` համախմբվել չի ստացվում, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ցանկանում իշխանություն լինել:

Անդրադառնալով իրենց հասցեին հնչող քննադատություններին, որ նախագահի ընտրություններին չեն մասնակցել, նա նշեց, որ երբ ՀՅԴ-ն թեկնածու չառաջադրեց, բոլորին թվաց, թե նախագահի թեկնածու չունեն, բայց իրականում ՀՅԴ-ն ասում էր և ասում է, որ անպայման չէ, որ հենց իրենք գան իշխանության, յոթ կետ էին առաջարկում: «Եթե Սերժ Սարգսյանն էլ իրականացնի այդ յոթ կետերը, բռավո կասենք»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից ընդդիմությանը քննադատելուն, ապա մի բան է տարբերությունները նշելը, մեկ այլ քան` սև քարոզչություն անելը: «Նման դեպքեր եղել են, բայց հուսով եմ, որ սահմանափակ տիրույթում կմնան և չեն ձախողի հետընտրական միավորումը»,- եզրափակեց ՀՅԴ թեկնածուն: