«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարություն է արել, որ «Բարև, Երևան» դաշինքին կասկածում է նախընտրական մեքենայությունների մեջ:
«Ես ցանկանում եմ հարց տալ «Բարև, Երևան» դաշինքին, քանի որ դա կապված է նրանց մեղադրանքի հետ, ինչու տեղամասային հանձնաժողովներում նրանց տեղերը լրացնում են Հանրապետական կուսակցության անդամները»,- ասել էր Տիգրան Ուրիխանյանը:
Այս հայտարարությանն արձագանքել է «Բարև, Երևան» դաշինքի նախընտրական շտաբը: Տարածած հաղորդագրության մեջ ասվում է որ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության տեղերով նշանակված են բացառապես կուսակցության անդամներն ու համակիրները:
«Դաշինքը համարում է, որ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարք: Մասնավորապես, քրեական օրենսգիրքը երկուսից հինգ տարվա ազատազրկում է նախատեսում ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում կուսակցությունների դաշինքի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածողների համար:
Առաջիկա ժամերին հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք ՀՀ դատախազություն և հատուկ քննչական ծառայություն»,- ասված է հաղորդագրության մեջ: