Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահ կայանալիք համերգը նվիրում է Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյակին: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Մենակատարներն են՝ իտալացի կլարնետահար Ջամպիերո Սոբրինոն, ֆրանսիացի դաշնակահար Միշել Բուրդոնքլը: Դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Ծրագրում հնչելու է Մոցարտ («Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նախերգանք, Կոնցերտ կլարնետի և նվագախմբի համար K 622, լա մաժոր), Ռավել (Դաշնամուրի կոնցերտ ձախ ձեռքի համար, «Բոլերո»):
Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են դեռ 2012-իդեկտեմբերի 12-ին և կշարունակվեն մինչև նոյեմբերի 24-ը:
Տաճարի կառուցումը սկսվել է 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմվել էր հեթանոսականՅուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի: Տարեկան 14 միլիոն մարդ է այցելում գոթիկայի վառ օրինակ և զարդ հանդիսացող Փարիզի Աստվածամոր տաճար:
Այստեղ է պահպանվում բոլոր քրիստոնյաների համար Սուրբ համարվող Հիսուս Քրիստոսի փշե թագը, բերված Կոնստանտինոպոլ քաղաքից: Մինչև 1063 թվականը այն եղել է Երուսաղեմում, հետո տեղափոխել են Բյուզանդիա: Խաչակրած արշավանքի մասնակիցները այն բերում են ու վաճառում Ֆրանսիայի թագավոր Լուի IX - ին: