5 մայիսի 2013 - 12:17 AMT
Տարոն Մարգարյանը քվեարկել է հանուն ավելի լավ Երևանի և վստահ է, որ հաղթելու են

Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը 1/17 տեղամասում քվեարկել է հանուն ավելի լավ Երևանի և վստահ է, որ հաղթելու են:

Քաղաքապետի թեկնածուն լրագրողների հետ զրույցում նկատեց, որ բոլոր ուժերը մասնակցում են հաղթանակի նպատակով, սակայն որոշիչ է լինելու ընտրողի ձայնը և այսօր երեկոյան կամ վաղը պարզ կլինի, թե ում է վստահում երևանցին:

«Մենք նոր չէ, որ ծանոթանում ենք Երևանի խնդիրներին: 8 տարի է աշխատում եմ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում: Մենք անցկացրեցինք լավ քարոզարշավ և հաշվետու եղանք երևանցիներին նախորդ շրջանի մեր գործունեության համար, ինչպես նաև ներկայացրեցինք մեր ծրագրերը Երևանի հետագա զարգացման համար»,-ասաց Տարոն Մարգարյանը:

ՀՀԿ թեկնածուն վստահ է, որ երևանցին առաջիկա 4 տարիների ընթացքում ունենալու է այն Երևանը, որի մասին երազում է:

Տարոն Մարգարյանը բացառեց ընտրակաշառք բաժանելու հավանականությունը` նշելով, որ նման բան չի կարող լինել: