6 մայիսի 2013 - 19:14 AMT
Քրիստոֆ Մասս. մինչև Ցեղասպանության 100-ամյակը ֆրանսահայ համայնքը առավել ջանադրաբար պիտի գործի

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Հարավային շրջանի Բոշ դյու Ռոնի մարզի խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսին, Մարսելի քաղաքապետարանի ավագանու անդամ, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամ Պասկալ Շամասյանին և Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի վարչության խորհրդի ատենապետ, բժիշկ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Ֆրանսիայի թեմական խորհրդի ատենապետ, Մարսելի Մայր եկեղեցու վարչության նախագահ Ռոբերտ Ազիլազյանին:

Ողջունելով հյուրերին` Հ. Հակոբյանը բարձր գնահատեց Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները, մասնավորապես Ֆրանսիայի հայ համայնքի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հայերը սիրում են Ֆրանսիան և լուրջ ներդրում ունեն երկրի կյանքի բոլոր ոլորտներում: Հայաստանում այսօր հպարտ են Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցների ձեռք բերած հաջողություններով:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը կարևորեց Մարսել քաղաքի անմիջական կապերը Հայաստանի Գորիսի և Էջմիածնի հետ, հատկապես՝ առողջապահության և սպորտի զարգացման ոլորտներում: Իսկ «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Գորիսում կառուցված սրտաբանական կենտրոնը կարող է առաջատար դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բոշ դյու Ռոնի մարզի խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսը նշեց, որ Ֆրանսիան հպարտ է իր հայազգի քաղաքացիներով, ովքեր անփոխարինելի ներդրում ունեն երկրի զարգացման բոլոր ոլորտներում:

Մասսը կարևորեց հատկապես հայկական կազմակերպությունների դերը Մարսելում: Նա առանձնացրեց նաև Էջմիածին քաղաքի հետ համագործակցությունը և այնտեղ մի շարք ծրագրերի իրականացման կարևորությունը:

Մասսը հավաստիացրեց, որ առաջիկա 2 տարիների ընթացքում` մինչև Ցեղասպանության 100-ամյակը, Ֆրանսիան և ֆրանսահայ համայնքը առավել ջանադրաբար պիտի գործեն:

Հաշվի առնելով Ռոբերտ Ազիլազյանի ներդրումը և մատուցած ծառայությունները հայապահպանության և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ու ամրապնդման գործում, Հ. Հակոբյանը նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը հյուրերին նվիրեց նախարարության պատվերով հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» և «Անի» պատկերագրքերը, ինչպես նաև` «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին» խորագրով ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթում 1890-1914թթ. լույս տեսած Հայոց Ցեղասպանությանը վերաբերող հրապարակումների ժողովածուն, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: