7 մայիսի 2013 - 14:36 AMT
Բարձրագույն կրթության համակարգի կառավարման ոլորտում բեկումնային քայլեր են սպասվում

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Բարձրագույն կրթության բարեփոխումներ» թեմայով միջազգային համաժողովի բացմանը: Ողջունելով մասնակիցներին՝ Ա. Աշոտյանը բացման խոսքում անդրադարձ է կատարել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում ընթացող բարեփոխումներին ու առկա խնդիրներին: «Ակնհայտ է, որ այսօր կրթական համակարգն աշխարհում, մասնավորապես Եվրոպայում, բուռն զարգացում է ապրում և Հայաստանը չի կարող անմասն մնալ այդ գործընթացից:

Ա. Աշոտյանի խոսքով նախկին իներցիայով Հայաստանում «պետական բուհ» հասկացողությունը շարունակում է պահպանել առօրեկան նշանակությունն ու որոշակի կարգավիճակը իրավական ասպարեզում: «Սակայն հետևելով հատկապես եվրոպական կրթական համակարգի զարգացումներին՝ մենք պատրաստ ենք և արդեն որոշակի քայեր այդ ուղղությամբ կատարել ենք՝ ընդլայնելու բուհերրի ինքնավարության աստիճանը, այդ թվում կիրառել կազմակերպաիրավական ձևերի բազմազանություն՝ վերածելով պետական բուհերը հանրային կամ ազգային ուսումնական հաստատությունների: Բայց դա հնարավոր է միայն բուհական համակարգում կառավարման բարձր որակի և ճշգրիտ մոդելների ներդրման և հանրության կողմից տվյալ բուհերի նկատմամբ արժանահավտության բարձր աստիճան ունենալու դեպքում»,- մասնավորապես նշել է Ա. Աշոտյանը:

Նախարարի պաշտոնակատարի գնահատմամբ 2005 թվականից՝ Հայաստանի Հանարապետության Բոլոնիայի գործընթացի անդամակցումից առ այսօր մեր երկրի բուհական համակարգը միջազգային ճանաչման առումով ակնհայտ առաջընթաց է ունեցել և այսօր Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների համար համարվում է արժանահավատ և վստահելի գործընկեր: Որպես ասվածի հիմնավորում՝ Ա. Աշոտյանը նշել է 2012 թվականին ՀՀ-ի կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձնումը:

«Սա մեզ համար պատիվ է, որը մեր երկիրը վաստակել է հետևողական բարեփոխումների արդյունքում: Կրթական բարեփոխումները իրականացվել և իրականացվում են մեծ դժվարություններով: Մեր հասարակությունը շատ զգայուն է կրթական ոլորտում ընթացող ցանկացած գործընթացի հանդեպ, և չկա գեթ մեկ հարց կամ խնդիր, որի վերաբերյալ մասնագիտական հանրույթը 100 տոկոսով միատեսակ մոտեցում ունենա: Կրթության ոլորտի քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունը հաճախ ստիպված է լինում մեկտեղել հակասական և իրարամերժ մոտեցումներր, ինչն իր հերթին կրթական բարեփոխումների արդյունավետության տեմպը նվազեցնում է: Ինքս կողմնակից եմ, բարձրագույն կրթության ոլորտում մոտակա 2 տարիներին գնալ ավելի արմատական քայլերի: Նման վճռականության համար կրթության և գիտության նախարարությունն ու բուհերը ունեն բավարար ներուժ և անհրաժեշտ քաղաքական կամք: Բարձրագույն կրթության համակարգի կառավարման առողջացման ծրագիրը բեկումնային և կտրուկ քայլերի անհրաժեշտություն ունի»,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը: